Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է ապրանքային նշանը
Ինչու՞ է կարևոր ապրանքային նշանի պահպանությունը
Ապրանքային նշանով հնարավոր է դառնում տարբերել մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայությունները մեկ այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից: Ապրանքային նշանը պետք է հիշարժան լինի, որպեսզի սպառողը հետագայում էլ ընտրի տվյալ ապրանքային նշանով ապրանքը և (կամ) ծառայությունը:
Ապրանքային նշանն ունի նաև գովազդային բնույթ, ուստի ապրանքային նշանի առանձնահատուկ լինելն էական է: Ապրանքային նշանի իրավական պահպանությունն անհրաժեշտ է, քանի որ հատկապես բարի համբավ ձեռք բերելու դեպքում այլ անձինք կցանկանան նմանակել կամ կեղծել տվյալ ապրանքային նշանը:
Ապրանքային նշանի պահպանությունը իրավունք է, ոչ թե պարտավորություն: Այն ապրանքային նշանի իրավատիրոջը տալիս է որոշակի ապրանքների կամ ծառայությունների համար ապրանքային նշանն օգտագործելու բացառիկ իրավունք: Գրանցված ապրանքային նշանը նաև իրավունք է տալիս իրավատիրոջը արգելել երրորդ անձանց օգտագործել պահպանվող ապրանքային նշանին նույնական կամ նման ապրանքային նշանները` գործունեության նույն ոլորտում և այն տարածքում, որտեղ ապրանքային նշանը պահպանություն է ստացել:
Ապրանքային նշանի պահպանությունը պետք է ձեռք բերվի բարեխղճորեն, այսինքն՝ այն նախատեսված է ապրանքային նշանի իրավատիրոջ բիզնեսի պաշտպանության, այլ ոչ թե մրցակցության ազատության սահմանափակման կամ այլ ձեռնարկատերերի բիզնես գործունեությանը կանխամտածված խոչընդոտելու համար:
Ո՞ր նիշերը կարող են գրանցվել որպես ապրանքային նշաններ
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն որպես ապրանքային նշաններ կարող են գրանցվել գրաֆիկորեն պատկերման հնարավորություն ունեցող նիշերը, մասնավորապես`
-
բառերը, բառակապակցությունները, անունները կամ կարգախոսները.
-
տառերը կամ թվերը.
-
նկարները, պատկերները կամ խորհրդանշանները.
-
եռաչափ պատկերները, մասնավորապես՝ ապրանքի կամ դրա փաթեթավորման (տարայի) արտաքին տեսքը.
-
հոլոգրամները, գույները, գույների համակցությունները կամ կոմպոզիցիաները.
-
ձայնային ազդանշանները.
-
սույն մասի 1-6-րդ կետերում թվարկված նիշերի ցանկացած համակցություն։