Թվային հարթակ Մտավոր սեփականության ոլորտի թվային ծառայությունների հարթակ
Վերադառնալ

Գյուտի արտոնագրի հայտի ներկայացում

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ թվային նույնականացում: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ թվային նույնականացում Ի՞նչ է «ԵսԵմ» հարթակը, և ինչպե՞ս մուտք գործել

Ծառայության մասին

Որպես գյուտ պահպանվում է ցանկացած բնագավառի տեխնիկական լուծում, որը վերաբերում է արտադրանքին (մասնավորապես սարքին, նյութին, կենսատեխնոլոգիական արգասիքին) կամ եղանակին (նյութական միջոցների օգնությամբ նյութական օբյեկտի վրա գործողությունների իրականացման գործընթացին), այդ թվում՝ արտադրանքի կամ եղանակի կիրառմանը որոշակի նշանակությամբ։

Գյուտին տրվում է արտոնագիր, եթե այն նոր է, ունի գյուտարարական մակարդակ և արդյունաբերորեն կիրառելի է (գյուտի արտոնագրաունակության պայմաններ):

Հայաստանի Հանրապետությունում տրվող պահպանական փաստաթղթերը
Հայաստանի Հանրապետությունում տրվում են երկու տեսակի արտոնագրեր՝ գյուտի արտոնագիր և գյուտի կարճաժամկետ արտոնագիր:
Միևնույն գյուտը կարող է լինել գյուտի արտոնագիր ստանալու հայտի և գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտի առարկա:
Երկու պահպանական փաստաթղթերի խնդրարկումը կարող է իրականացվել միևնույն հայտատուի կողմից համապատասխան հայտերը միաժամանակ ներկայացնելու միջոցով (յուրաքանչյուր հայտի համար առանձին վճարելով հայտ ներկայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքը):

Հաճախ տրվող հարցեր

Ո՞րն է գյուտի արտոնագրի իմաստը
Արտոնագրեր կարող են տրամադրվել տեխնոլոգիայի ցանկացած ոլորտում կատարված գյուտերի համար՝ սկսած կենցաղային պարզ պարագայից մինչև նանոտեխնոլոգիական չիպ։ Գյուտը կարող է լինել արտադրանք (օրինակ՝ քիմիական միացություն) կամ գործընթաց (օրինակ՝ որոշակի քիմիական միացության ստացման եղանակ)։ Իրականում, բազմաթիվ արտադրանքներ իրենց մեջ ներառում են մի շարք գյուտեր։ Օրինակ՝ նոութբուքը կարող է պարունակել հարյուրավոր գյուտեր, որոնք գործում են փոխկապակցված։
Ո՞վ կարող է դիմել գյուտի արտոնագիր ստանալու համար
Գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ) կարող է դիմել (ներկայացնել հայտ)՝ հեղինակը, գործատուն կամ նրանց իրավահաջորդը, այսինքն այն անձը, ում պատկանում է արտոնագիր ստանալու իրավունքը (այսուհետ նաև՝ հայտատու)։ Հայտատուն՝ այն ֆիզիկական անձն է, անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն, որի անունով խնդրարկվում է արտոնագիրը։ Արտոնագիր ստանալու իրավունքը հավաստող որևէ փաստաթուղթ չի պահանջվում։ Նշված անձինք հայտ կարող են ներկայացնել անձամբ, Գրասենյակում գրանցված արտոնագրային հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի միջոցով։ Համաձայն գործող օրենսդրության, օտարերկրյա իրավաբանական անձինք և Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտապես բնակվող ֆիզիկական անձինք Գրասենյակի հետ գործավարությունն իրականացնում են Գրասենյակում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ։ Նման մոտեցումը կարևորվում է նրանով, որ վերը նշված հայտատուների հայտերով իրականացվող գործավարությունը դառնում է ավելի դյուրին և տնտեսապես ավելի նպատակահարմար։ Մյուս կողմից նման մոտեցումը հիմք է ծառայում, որպեսզի անմիջականորեն հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու հետ կապված գործերը վարելու հարցում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում կիրառվի փոխադարձության սկզբունքը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող անձինք և Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք ևս տվյալ պայմանագրի կողմ հանդիսացող երկրում ստանան նույնպիսի իրավունքներ։ Նման պայմանագիր Հայաստանի Հանրապետությունը ներկայումս ունի ԱՊՀ մի շարք երկրների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի հետ։ Մյուս կողմից պարզ է, որ օրենքը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց` անմիջականորեն հայտ ներկայացնելու Գրասենյակ, առանց արտոնագրային հավատարմատարի օգնությանը դիմելու, եթե նրանք բավականին փորձ ու հմտություն ունեն արտոնագիր ստանալու հետ կապված գործերն ինքնուրույն վարելու հարցում։
Ի՞նչ լեզվով է ներկայացվում հայտը
«Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու մասին դիմումը ներկայացվում է հայերեն: Հայտի մյուս փաստաթղթերը ներկայացվում են հայերեն: Այլ լեզվով դրանք ներկայացնելու դեպքում, հայտատուն պարտավոր է Գրասենյակ ներկայացնել դրանց հայերեն թարգմանությունը` հայտը ներկայացնելու օրվանից՝ եռամսյա ժամկետում:
Ո՞վ կարող է օգնել գյուտի արտոնագիր ստանալու հայտը ներկայացնելու հարցում
Գյուտի արտոնագիր (կարճաժամկետ արտոնագիր) ստանալու հայտ ձևակերպելուն կարող են օգնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակում գրանցված արտոնագրային հավատարմատարները, որոնց ցանկը կարող եք գտնել այստեղ
Ինչո՞ւ են գյուտերը պաշտպանվում արտոնագրով
Արտոնագրատերը բացառիկ իրավունք ունի արգելելու կամ կասեցնելու այլ անձանց կողմից արտոնագրված գյուտի առևտրային շահագործումը սահմանափակ ժամանակահատվածում՝ այն երկրում կամ տարածաշրջանում, որտեղ տրվել է արտոնագիրը։ Այլ կերպ ասած՝ արտոնագրային պաշտպանությունը նշանակում է, որ գյուտը չի կարող առևտրային նպատակներով արտադրվել, օգտագործվել, տարածվել, ներկրվել կամ վաճառվել այլ անձանց կողմից՝ առանց արտոնագրատիրոջ համաձայնության։