Թվային հարթակ Մտավոր սեփականության ոլորտի թվային ծառայությունների հարթակ
Վերադառնալ

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է ապրանքային նշանը
«Ապրանքային նշանների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ապրանքային նշանը նիշ է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություննե-րն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար:
Ինչու՞ է կարևոր ապրանքային նշանի պահպանությունը

Ապրանքային նշանով հնարավոր է դառնում տարբերել մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայությունները մեկ այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից: Ապրանքային նշանը պետք է հիշարժան լինի, որպեսզի սպառողը հետագայում էլ ընտրի տվյալ ապրանքային նշանով ապրանքը և (կամ) ծառայությունը:

Ապրանքային նշանն ունի նաև գովազդային բնույթ, ուստի ապրանքային նշանի առանձնահատուկ լինելն էական է: Ապրանքային նշանի իրավական պահպանությունն անհրաժեշտ է, քանի որ հատկապես բարի համբավ ձեռք բերելու դեպքում այլ անձինք կցանկանան նմանակել կամ կեղծել տվյալ ապրանքային նշանը:

Ապրանքային նշանի պահպանությունը իրավունք է, ոչ թե պարտավորություն: Այն ապրանքային նշանի իրավատիրոջը տալիս է որոշակի ապրանքների կամ ծառայությունների համար ապրանքային նշանն օգտագործելու բացառիկ իրավունք: Գրանցված ապրանքային նշանը նաև իրավունք է տալիս իրավատիրոջը արգելել երրորդ անձանց օգտագործել պահպանվող ապրանքային նշանին նույնական կամ նման ապրանքային նշանները` գործունեության նույն ոլորտում և այն տարածքում, որտեղ ապրանքային նշանը պահպանություն է ստացել:

Ապրանքային նշանի պահպանությունը պետք է ձեռք բերվի բարեխղճորեն, այսինքն՝ այն նախատեսված է ապրանքային նշանի իրավատիրոջ բիզնեսի պաշտպանության, այլ ոչ թե մրցակցության ազատության սահմանափակման կամ այլ ձեռնարկատերերի բիզնես գործունեությանը կանխամտածված խոչընդոտելու համար:

Ո՞ր նիշերը կարող են գրանցվել որպես ապրանքային նշաններ

Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն որպես ապրանքային նշաններ կարող են գրանցվել գրաֆիկորեն պատկերման հնարավորություն ունեցող նիշերը, մասնավորապես`

  1. բառերը, բառակապակցությունները, անունները կամ կարգախոսները.

  2. տառերը կամ թվերը.

  3. նկարները, պատկերները կամ խորհրդանշանները.

  4. եռաչափ պատկերները, մասնավորապես՝ ապրանքի կամ դրա փաթեթավորման (տարայի) արտաքին տեսքը.

  5. հոլոգրամները, գույները, գույների համակցությունները կամ կոմպոզիցիաները.

  6. ձայնային ազդանշանները.

  7. սույն մասի 1-6-րդ կետերում թվարկված նիշերի ցանկացած համակցություն։

Ի՞նչպես գրանցել ապրանքային նշանը և ստանալ վկայագիրը

Ապրանքային նշանի պետական գրանցումն իրականացվում է ներկայացված հայտի հիման վրա, որը սույն առցանց հարթակի միջոցով թվային ձևով ներկայացվում է Մտավոր սեփականության գրասենյակ:

Հայտարկված հայտով անցկացվում է փորձաքննություն`

• Նախնական փորձաքննություն. անցկացվում է հայտը ներկայացնելու թվականը սահմանելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Կայացվում է որոշում՝ հայտի հրապարակման և ըստ էության փորձաքննություն անցկացնելու մասին:

• Հրապարակում. իրականացվում է որոշման կայացման օրվանից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում:

• Հայտի ըստ էության փորձաքննություն. անցկացվում է հրապարակման օրվանից եռամսյա ժամկետում՝ ստուգելու մերժման բացարձակ և հարաբերական հիմքերի առկայությունը:

• Գրանցում. եթե կայացվում է գրանցման որոշում, սահմանված տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո նշանը գրանցվում է և տրվում է վկայական:

Հնարավո՞ր է արդյոք գրանցել ապրանքային նշանը արագացված ընթացակարգով
Ոչ, հնարավոր չէ, քանի որ օրենքով նման ընթացակարգ նախատեսված չէ:
Ո՞վ կարող է դիմել ապրանքային նշանի գրանցման համար

Ապրանքային նշանը կարող է գրանցվել իրավաբանական անձի, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունով:

Հայտը ներկայացնում է հայտատուն՝ անմիջականորեն կամ իր ներկայացուցչի միջոցով ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ:

Քանի՞ ապրանքային նշանի կարող է վերաբերել մեկ հայտը
Մեկ հայտը պետք է վերաբերի միայն մեկ ապրանքային նշանի:
Ի՞նչ լեզվով են ներկայացվում հայտը և հայտին կցվող փաստաթղթերը
Օրենքի համաձայն հայտը ներկայացվում է հայերեն: Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով, սակայն ՀՀ հայտատուները պարտավոր են դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի հետ, իսկ օտարերկրյա հայտատուները՝ հայտը ներկայացնելու օրվանից հետո երկամսյա ժամկետում:
Ի՞նչ տեղեկատվություն է անհրաժեշտ ներկայացնել ապրանքային նշանը գրանցելիս

Հայտը պետք է պարունակի՝

1) Տեղեկություններ հայտատուի և ներկայացուցչի մասին.

2) Հայտարկված նիշի հստակ պատկերը և նկարագրությունը.

3) Ապրանքների և/կամ ծառայությունների ցանկը՝ խմբավորված ըստ Նիցայի դասակարգչի:

Կից ներկայացվող փաստաթղթեր՝

1) Պետական տուրքի վճարման անդորրագիրը (Հաշիվ՝ N 900005016200, կոդ 20, ՀՀ Կենտրոնական բանկ).

2) Լիազորագիր (եթե գործընթացն իրականացվում է ներկայացուցչի միջոցով).

3) Անհրաժեշտության դեպքում՝ առաջնության դիմում, իրավասու մարմնի թույլտվություն կամ համաձայնագիր:

Որո՞նք են ապրանքային նշանի հայտում ապրանքների և(կամ) ծառայությունների ցանկը նշելու պահանջները

1) Հայտում նշվում են Նիցայի դասակարգման դասի համարները և ապրանքների/ծառայությունների անվանումները՝ ճշգրիտ տերմիններով:

2) Յուրաքանչյուր դասի ներսում չպետք է լինեն կրկնօրինակ անվանումներ:

3) Անվանումները տրվում են միայն հայերենով և փոքրատառերով՝ իրարից բաժանված կետով:

4) Եթե անվանումը կարող է օգտագործվել տարբեր դասերում, պետք է նշվի դրանց նպատակը, նյութը կամ ոլորտը (օրինակ՝ «մետաղական դռներ»՝ դաս 6, «ոչ մետաղական դռներ»՝ դաս 19, կամ «վառիչներ ծխողների համար»՝ դաս 34):